Ընտրական նոր անցողիկ շեմերը և նրանց ազդեցությունը գալիք պառլամենտական ընտրությունների վրա

Մարիամ Հովեյան, Ընտրական գործընթացների փորձագետ
Երևան, ՀՀ, Մայիս 2026թ․

2026թ․ փետրվարի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ հերթական ընտրությունները նշանակվեցին հունիսի 7-ին։ Ընտրական օրենսգրքի մի շարք կարգավորումներ, թեև ընդունվել էին ավելի վաղ, ուժի մեջ մտան հենց այդ պահից սկսած։ Այս հոդվածում կանդրադառնանք ընտրական համակարգի կարևորագույն տարրերից մեկի՝ ընտրական շեմերի փոփոխությանը։

Ընտրական շեմերի նշանակությունը

Ընտրական շեմը ձայների այն նվազագույն տոկոսն է, որը կուսակուցությունը կամ դաշինքը պետք է հավաքի՝ Ազգային ժողովում մանդատներ ստանալու համար։ Համամասնական ընտրական համակարգերում, որոնք կոչված են նպաստելու բազմակուսակցականության զարգացմանը, ընտրական շեմերի կիրառումն ընդունված պրակտիկա է։

Ընտրական շեմերի հիմնական նպատակը խորհրդարանում արդյունավետ կառավարման և ներկայացուցչականության միջև հավասարակշռություն ապահովելն է։ Դրանք մի կողմից նպաստում են օրենսդիր մարմնում հաստատուն մեծամասնության ձևավորմանը, մյուս կողմից՝ ապահովում քաղաքական բազմազանության արդար ներկայացվածություն։

Ընտրական շեմերի օգտին հիմնական փաստարկն այն է, որ դրանք նվազեցնում են կուսակցական համակարգի մասնատվածությունը, այսինքն՝ կուսակցությունների տրոհվելուն ավելի փոքր միավորների։ Սովորաբար այն երկրներում, որտեղ ընտրական շեմը բարձր է, քաղաքական դաշտում գործում են պակաս թվով նշանակալի կուսակցություններ, քան այն երկրներում, որտեղ շեմը բացակայում է կամ շատ ցածր է։ Սա հաճախ դիտվում է որպես դրական երևույթ, քանի որ մեծ թվով ազդեցիկ կուսակցությունների առկայությունը կարող է դժվարացնել կառավարության ձևավորումը։

Բացի այդ, կա մտահոգություն, որ ընտրական շեմի բացակայության դեպքում ծայրահեղական կուսակցությունները կարող են ստանալ մի քանի մանդատ և իրենց խորհրդարանական ներկայությունն օգտագործել ավելի մեծ պոպուլյարություն ձեռք բերելու համար։

Այս մտահոգությունները հատկապես արդի էին 1950-ականների Գերմանիայում։ Վայմարյան Հանրապետության անկայունության հիշողությունները դեռ թարմ էին, և հետպատերազմյան առաջին ընտրություններում 10 կուսակցությունների՝ առնվազն հինգական մանդատ ստանալը մտահոգիչ երևույթ էր։ 1957 թվականին 5% ընտրական շեմի սահմանումը հաճախ դիտվում է որպես Գերմանիայի՝ չափավոր բազմակուսակցական համակարգի օրինակ դառնալու հիմքը։

Վենետիկի հանձնաժողովն[1] ընդգծում է, որ ընտրական համակարգի տարրերի ընտրությունը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է, բայց այն պետք է որոշվի լայն և բաց քննարկումների միջոցով։ Այդուհանդերձ, հանձնաժողովը հաճախ պետություններին խորհուրդ է տալիս նվազեցնել 5%-ից բարձր ընտրական շեմերը, քանի որ դրանք կարող են հանգեցնել «վատնված ձայների» բարձր թվի և խաթարել համաչափ ներկայացվածությունը[2]։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (PACE) իր թիվ 1547 և 1791 բանաձևերով առաջարկում է, որ «կայացած ժողովրդավարություններում» խորհրդարանական ընտրությունների ընտրական շեմը չպետք է գերազանցի 3 %-ը, քանի որ «մարդկանց խմբերին ներկայացված լինելու իրավունքից զրկելը վնասակար է ժողովրդավարական համակարգի համար»։

Բացի այդ, բարձր շեմերը կարող են բացասական ազդեցություն ունենալ ազգային փոքրամասնություններին կամ առանձին տարածքներ ներկայացնող կուսակցությունների և նորաստեղծ քաղաքական ուժերի վրա, ուստի ընտրական համակարգերը պետք է նախատեսեն համապատասխան ներառական մեխանիզմներ։

Ընտրական շեմերի քննադատները հաճախ նշում են, որ դրանք արհեստականորեն խաթարում են խորհրդարանի ներկայացուցչականությունը։ Նշվում է նաև, որ շեմերը թուլացնում են բազմակարծությունը, որը ժողովրդավարության կարևոր հիմնասյուներից է, ստիպում են փոքր կուսակցություններին արհեստականորեն միավորվել՝ շեմը հաղթահարելու համար, և ի վերջո ներկայացվածության իրավունքից փաստացի զրկում են փոքր կուսակցություններին ձայն տված քաղաքացիներին։

Այդուհանդերձ, ինչպես նշում է Վենետիկի հանձնաժողովը, գործնականում որևէ ընտրական համակարգ լիովին համամասնական չէ, քանի որ ընտրողների մեծ բազմությունը պետք է վերածվի ընտրված ներկայացուցիչների ավելի փոքր մարմնի։ Պետությունների խնդիրն այստեղ հավասարակշռության ճիշտ կետի սահմանումն է։

Ընտրական շեմերի փոփոխությունը ՀՀ-ում

1995 – 2021թթ․ ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական բոլոր ընտրություններում կուսակցությունների համար գործել է անփոփոխ` 5% անցողիկ շեմ։ 2007թ․-ից սկսած ներդրվել է լրացուցիչ՝ 7% անցողիկ շեմ կուսակցությունների դաշինքների համար։ Այժմ ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է նոր անցողիկ շեմեր՝ կուսակցությունների դեպքում` 4%, մինչև երեք կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում` 8%, իսկ չորս և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում՝ 10% անցողիկ շեմ[3]։

Օրենսգրքի այս փոփոխությունն ընդունվել է 2021թ․ մայիսի 7-ին։ Այն, սակայն, չի գործել հաջորդիվ՝ 2021թ․ հունիսին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում։ Պատճառն այն է, որ անցումային դրույթներով օրենսդիրը նախատեսել էր նոր շեմերի ուժի մեջ մտնելը միայն հաջորդ հերթական ընտրություններում, որոնք էլ տեղի կունենան այս տարվա հունիսին։

Ուսումնասիրելով 2021թ․ օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագծի հիմնավորումները[4], նկատում ենք, որ շեմերի փոփոխության վերաբերյալ որևէ հիմնավորում շարադրված չէ։ Բանավոր քննարկումների ժամանակ նշվող հիմնավորումն հետևյալն էր՝ ՀՀ-ում դաշինքները ստեղծվում են ոչ թե գաղափարական համաձայնության առանցքի շուրջ, այլ չարաշահվում կուսակցությունների կողմից՝ որպես քաղաքական «ռեբրենդինգի» գործիք, լղոզելով անցյալի քաղաքական պատասխանատվությունը, նոր դաշինքների անվան ներքո փորձելով թաքցնել իրական դերակատարներին, նրանց հետագիծն ու ֆինանսավորողներին։ Նախ և առաջ հենց այս երևույթի դեմ պայքարելու նպատակով էին սահմնավում ընտրական ավելի բարձր շեմերը դաշինքների համար։ Հետագայում ներկայացված բանավոր հիմնավորումներից[5] է նաև կուսակցությունների մեծ թվի կրճատման և կուսակցությունների խոշորացման նպատակը։ Ակնկալվում է, որ դաշինքների համար սահմանված բարձր շեմերը կստիպեն գաղափարապես մոտ կուսակցություններին միավորվել մշտականորեն և ընտրություններին մասնակցել որպես մեկ կուսակցություն։

Ինչպես Ընտրական օրենսգրքի կարևոր փոփոխությունների այլ նախագծեր, այս նախագիծը ևս ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին՝ փաթեթի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։ Հանձնաժողովը ողջունել է կուսակցությունների համար ավելի ցածր՝ 4% շեմի սահմանումը, ընդգծելով, որ այդ փոփոխությունը քայլ է դեպի առավել բազմակարծիք խորհրդարանի ձևավորում[6]:

Միևնույն ժամանակ, հանձնաժողովը արձանագրել է, որ հակասելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ավելի վաղ՝ 2016 թվականի համատեղ կարծիքին՝ օրենքի նախագծով ընտրական դաշինքների համար նախատեսվել է ավելի բարձր շեմ։ Ավելին, երկու կուսակցությունների միջև դաշինքի դեպքում շեմը բարձրացվել է 8%-ի, երեք կուսակցությունների դեպքում՝ 9%, իսկ չորս կուսակցությունների դեպքում՝ 10%-ի (9%-ի պահանջը վերջնական տարբերակում չներառվեց)։ Ըստ հանձնաժողովի՝ շեմերի նման տարբերակումը, որը հազվադեպ է, չնայած չի հակասում եվրոպական չափանիշներին, սակայն բարդացնում է մանդատների բաշխման համակարգը։ Հանձնաժողովն ընդգծում է, որ փոփոխության համար որևէ հիմնավորում չի տրվում, ընդ որում՝ հաշվի առնելով, որ կուսակցությունների անմցողիկ շեմն իջեցված է, դաշինքների համար շեմի բարձրացման անհրաժեշտությունը պարզ չէ: Թեև արդար ներկայացուցչությունը կառավարության կայունության հետ հավասարակշռելու հարցում պետությունն ունի հայեցողության լայն ազատություն, այնուամենայնիվ, շեմերը պետք է արդարացվեն հատուկ քաղաքական և ինստիտուցիոնալ հանգամանքներով։

Վերոնշյալ՝ 2016թ․ ՀՀ-ին տրամարդված համատեղ կարծիքում հանձնաժողովն արձանագրում է, որ պարզ չէ, թե ինչու պետք է դաշինքների համար սահմանվի ավելի բարձր շեմ, չէ որ դաշինքները կարող են նպաստել ավելի լայն համագործակցությանն ու ավելի կայուն կառավարության ձևավորմանը։ Հետևաբար, դաշինքների համար նախատեսված ընտրական շեմը կարող է նույնը լինել, ինչ կուսակցություններինը[7]։ Դաշինքների համար ավելի բարձր շեմերի սահմանումը կարող է զգալիորեն սահմանափակել փոքր կուսակցությունների խորհրդարան մտնելու հնարավորությունները։ Համատեղ կարծիքում այնուհետ կարդում ենք՝ «Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընդգծում են, որ համամասնական համակարգերը նախատեսված են ներկայացուցչական խորհրդարան ստեղծելու համար, և այդ նպատակի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի զգուշությամբ և ակնհայտ անհրաժեշտությունից ելնելով»[8]։

Ամփոփելով, 2021թ․ օրենսդրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տրված համատեղ խորհրդատվական կարծիքը եզրափակում է՝ «Շեմերին վերաբերող փոփոխությունները հավասարակշռված չեն, քանի որ նրանց մի մասն իջեցվում է, իսկ մյուսները բարձրացվում` առանց հստակ հիմնավորման: Վենետիկի հանձնաժողովը առաջարկում է վերանայել շեմերին վերաբերող դրույթները` նպատակ ունենալով հավասարակշռություն պահպանել խորհրդարանական մեծամասնության անհրաժեշտ կայունության և համամասնական համակարգերին բնորոշ պլյուրալիզմի միջև»:

Այդուհանդերձ,նախագիծն ընդունվեց ԱԺ կողմից՝ պահպանելով դաշինքների համար սահմանված բարձր շեմերը։

Համեմատական վերլուծություն

Ընդունված կարծիք է, որ համամասնական ընտրակարգերը նպաստում են բազմակուսակցական համակարգի ձևավորմանը։ Ուստի կարելի էր կարծել, որ ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցումով՝ ՀՀ-ում ավելի շատ կուսակցություններ պետք է հնարավորություն ունենային ներկայացված լինել խորհրդարանում։ Սակայն, ուսումնասիրելով ՀՀ ընտրական պատմությունը, տեսնում ենք հակառակ պատկերը։ Ընտրությունից ընտրություն խորհրդարանը, ավելի ներկայացուցչական դառնալու փոխարեն, ավելի «էլիտիստական» է դառնում։

Այս իրավիճակը խնդրահարույց է, քանի որ խորհրդարանում քիչ ուժերի ներկայացվածությունը՝ մեկի դոմինանտության պայմաններում, քաղաքական օրակարգերն աղքատացնում է, հանրային ներկայացվածությունը և հետաքրքրությունը՝ նվազեցնում։ Ավելին, այս կարգավորումները խորացնում են քաղաքական բևեռացվածությունը՝ քաղաքական գունապնակում գերակշիռ և պահանջված պահելով ծայրահեղ դիրքորոշումները[9]։

Տարեթիվ Ընտրակարգ Մասնակիցների թիվ Խորհրդարան անցածների թիվ Անցողիկ շեմ
1995 Խառը 13 5 5%
1999 Խառը 21 6 5%
2003 Խառը 21 6 5%
2007 Խառը 23 5 5% (7%)
2012 Խառը 9 6 5% (7%)
2017 Համամասնական 9 4 5% (7%)
2018 Համամասնական 11 3 5% (7%)
2021 Համամասնական 25 3 5% (7%)
2026 Համամասնական 4% (8%, 10%)

Հարկ է ընդգծել, որ վերջին՝ 2021թ․ ԱԺ ընտրություններում խորհրդարանում հայտնված երեք ուժերից մեկը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, մանդատներ է ստացել միմիայն օրենքի պահանջով՝ չհաղթահարելով դաշինքների համար գործող 7%-անոց շեմը։ Փաստացիորեն, ընտրական շեմը հաղթահարել են մասնակից 25 ուժերից միայն երկուսը՝ 1 կուսակցություն և 1 դաշինք։

Հետաքրքրական է նաև տարածաշրջանային համեմատությունը։ Յուրաքանչյուր երկրում, պատմական ու սոցիալական համատեքստից, քաղաքական ու իրավական ավանդույթներից կամ ժողովրդավարության կայացվածությունից կախված ընտրական շեմերի սահմանումը տարբեր նպատակ կամ ազդեցություն կարող է ունենալ։ Ընտրական շեմերը Եվրոպայում տատանվում են 0.67%-ից (Նիդերլանդներ) մինչև 11% (Չեխիա, 3+ կուսակցություններով դաշինքներ), սակայն առավել լայնորեն կիրառվում են 3-5% շեմերը։

ՀՀ բնակչության հետ համեմատելի հետսովետական և արևելաեվրոպական երկրներում ընտրական շեմերի պատկերը հետևյալն է[10]։

Համեմատական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ համամասնական ընտրակարգ ունեցող և տարածաշրջանով ու բնակչությամբ համեմատելի երկրների շարքում կուսակցությունների համար ՀՀ-ում գործում է միջին մակարդակի ընտրական շեմ, իսկ դաշինքների համար գործում են արձանագրված ամենաբարձր շեմերը։

Առանձնակի ուշադրության է արժանի աննախադեպ բարձր՝ 10% ընտրական շեմը 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար։ Տեղին է հիշել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Յումակը և Սադակն ընդդեմ Թուրքիայի» դատական գործը (2008թ․)՝ Թուրքիայում գործող 10% ընտրական շեմի շուրջ, որը Եվրոպայում ամենաբարձրերից էր։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չպարտավորեցրեց իջեցնել շեմը՝ ընդունելով պետությունների լայն հայեցողությունը ընտրական համակարգի ձևավորման հարցում, սակայն ընդգծեց, որ նման բարձր շեմը կարող է բացասաբար ազդել քաղաքական բազմակարծության և ներկայացվածության վրա։ Դատական այս գործը հետագայում լայնորեն քննարկվել է ընտրական իրավունքի մասնագիտական շրջանակներում և հաճախ հիշատակվում է որպես բարձր ընտրական շեմերի խնդրահարույց օրինակ։

Շեմ թե՞ արգելաշատնեշ

Եզրակացություն

Քննարկենք դաշինքների համար սահմանված նոր անցողիկ շեմերի հնարավոր ազդեցություները․

  • Համամասնական այն ընտրակարգերը, որտեղ սահմանված են բարձր անցողիկ շեմեր, կարող են հանգեցնել «անհամամասնական» արդյունքների՝ առաջացնելով խորհրդարանում չներկայացված ձայների մեծ տոկոս։ 2021թ․ ԱԺ ընտրություններում նման ճակատագրի է արժանացել քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 20%-ը կամ ամեն հինգերորդ ձայնը։ Հաշվի առնելով դաշինքների համար այժմ սահմանված ավելի բարձր անցողիկ շեմերը՝ առաջիկա ԱԺ ընտրություններում այս ռիսկն էլ ավելի է մեծանում։
  • Մինչդեռ օրեցօր խորացող քաղաքական բևեռացումը և անտագոնիզմը կուսակցությունների համար առաջ են բերում ավելի լայն համագործակցություններ նախաձեռնելու հրամայական։ Հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս[11], որ ՀՀ չափահաս բնակչության 52%-ը չի վստահում որևէ քաղաքական ուժի։ Հետևաբար, որևէ առանձին քաղաքական ուժի համար մեծ մարտահրավեր կարող է լինել միայնակ մոբիլիզացնել հիասթափված կամ անտարբեր ընտրողների այս բազմությանը։ Սակայն դաշինքների անցողիկ շեմերի բարձրացումը մեծ խոչընդոտ է ստեղծում կուսակցությունների համար՝ երկխոսելու, համագործակցելու և ընտրական համատեղ ցուցակով հանդես գալու առումով, փոխարենը նրանց խրախուսելով կա՛մ մրցակցել առանձին, կա՛մ միաձուլվել մշտականորեն:
  • Փորձելով հարմարվել խաղի նոր կանոններին և հաղթահարել բարձր շեմերը, դաշինքներ կազմել ցանկացող կուսակցությունները կարող են օգտվել ընտրական օրենսգրքի մի դրույթից, որը թույլ է տալիս յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկել մինչև 30%՝ տվյալ կուսակցության անդամ չհասնդիսացող թեկնածուների։ Նմանատիպ ոչ ֆորմալ «դաշինքները», սակայն, նաև էական ռիսկեր են կրում։ Եթե կուսակցության ընտրական ցուցակում, հատկապես՝ բարձր հորիզոնականներում այլ կուսակցության թեկնածուներ են ընդգրկվում և հայտնվում խորհրդարանում, ո՞ր կուսակցությունն է քաղաքական պատասխանատվություն կրում վերջիններիս որոշումների համար։ Այս դեպքում էականորեն դժվարանում է նաև նման «դաշինքների» ֆինանսական վերահսկողությունը։
  • Գաղափարախոսության փոխարեն անձնային հավատարմության շուրջ կառուցված կուսակցություններով երկրում, ինչպիսին Հայաստանն է, ֆինանսական ռեսուրսներ կուտակած կամ վարչական ռեսուրսներ ունեցող կուսակցություններն ի սկզբանե ձեռնտու դիրք ունեն՝ համեմատ նոր կամ քիչ ռեսուրսներիով ուժերի։ Դաշինքների համար շեմերի բարձրացումն այս կառուցվածքային անհավասարությունն ամրապնդելու ռիսկ ևս ունի։

Դաշինքների ստեղծումը չեն խրախուսում ընտրական օրենսգրքի մի քանի այլ դրույթներ ևս, մասնավորապես՝

  1. Կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորման գործող մեխանիզմը։Կուսակցությունները կարող են ստանալ պետական բյուջեից ֆինանսավորում, նույնիսկ եթե չեն հաղթահարել անցողիկ շեմը, բայց ստացել են ձայների առնվազն 2%-ը։ Մինչդեռ դաշինքները պետական ֆինանսավորմանը հավակնելու համար պետք է հաղթահարեն անցողիկ շեմերը՝ 8 կամ 10%-ը։
  2. «Երրորդ ուժի» կանոնը։Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է առնվազն երեք քաղաքական ուժի ներկայացվածությունը Ազգային ժողովում։ Եթե միայն երկու ուժ են հաղթահարել սահմանված շեմերը, ապա այն երրորդ ուժը, որն ավելի մոտ է իր իսկ շեմին՝ նույնպես ստանում է մանդատներ։ Այսպես, ձայների 3,5%-ը ստացած կուսակցությանը առավելություն կտրվի՝ ձայների 6,5%-ը ստացած դաշինքի համեմատ։

Արձանագրելով, որ դաշինքները մեծ մասամբ չեն ունեցել ամուր գաղափարական հիմք, դժվարացրել են քաղաքական ուժերի ֆինանսական թափանցիկության նկատմամբ վերահսկողությունը և, առհասարակ, վերջին տարիներին չեն ունեցել երկար կյանք, այդուհանդերձ, բարձր շեմերի միջոցով դրանց կազմավորման խոչընդոտումը պահանջում են հիմնավոր և համոզիչ արդարացումներ։ Նշված խնդիրներն, ի վերջո, տարածված են ոչ միայն դաշինքների, այլ նաև առանձին կուսակցությունների մոտ։ Արդյո՞ք լուծումը շեմերի բարձրացումն է՝ դրանք վերածելով դաշինքներ ստեղծելու արգելապատնեշի։

Ամփոփելով՝ ՀՀ-ում կուսակցությունների համար անցողիկ շեմերի իջեցումը մեկ տոկոսային կետով անխոս դրական փոփոխություն է։ Միևնույն ժամանակ, դաշինքների համար սահմանված նոր անցողիկ շեմերը չափազանց բարձր են և ռիսկ ունեն արգելակելու քաղաքական համագործակցությունը և բազմաներկայացվածությունը Ազգային ժողովում։

Աղբյուրներ և ծանոթագրություններ